Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Ներկայում աշխարհը գտնվում է նույն վիճակում, ինչ առաջին աշխարհամարտից առաջ էր

Ներկայում աշխարհը գտնվում է նույն վիճակում, ինչ առաջին աշխարհամարտից առաջ էր
13.06.2025 | 13:37

Մարդկային հասարակության կյանքում բոլոր նշանակալից պարադիգմային փոփոխությունները ուղեկցվել են ուժային բնույթի բախումներով ու տարբեր մասշտաբի պատերազմներով։

Այս իմաստով առաջին ու երկրորդ աշխարհամարտերը, որպես մի ամբողջություն, հետևանք էին աշխարհում հզորությունների գլոբալ բնույթի փոփոխությունների ու տեղաշարժերի, որտեղ ինտենսիվ տեխնոլոգիական զարգացում ապրող ԱՄՆ-ը և Գերմանիան կարիք ունեին տարատեսակ ռեսուրսների, որոնք գտնվում էին աշխարհի մեծ մասը իրենց մեջ բաժանած Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի գերիշխանության տակ։

Ռեսուրսների մի հսկայական բաժին էլ պատկանում էր Ռուսական կայսրությանը և, հետո էլ, ԽՍՀՄ-ին, որն էլ պատճառ դարձավ նրանց մասնակցությանը երկու պատերազմներին, և երկրորդ աշխարհամարտում էլ դրա վրա ավելացավ նաև արևմուտքի կողմից բոլշևիզմը տապալելու ձգտումը։

Տեխնոլոգիական բնույթի մեծ թռիչքով ուղեկցված այս պարադիգմային անցման արդյունքում 1914-ի գերտերություններ Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային 1945-ին փոխարինելու եկան նոր գերտերություններ ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը։

Այսպիսով, այդ պարադիգմային անցումը տևեց մոտ 30 տարի և ուղեկցվեց երկու աշխարհամարտերով։

Բայց այդ պարադիգմային անցումը ծնեց նաև ատոմային զենք, որը, որպես փոխադարձ ոչնչացման հետ կապված վախով պայմանավորված զսպող ուժ, սկզբունքորեն փոխեց հարաբերությունների բնույթը գերտերությունների միջև և, միաժամանակ, ճանապարհ բացեց սառը պատերազմի և պրոքսի կամ միջնորդավորված պատերազմների շղթայի համար։

Նման պարադիգմային անցման իմաստով ներկայում աշխարհը գտնվում է նույն վիճակում, ինչ որ առաջին աշխարհամարտից առաջ էր, միայն այն տարբերությամբ, որ հիմա հակամարտության կողմերը ունեն ատոմային զենք, որը ստիպում է խուսափել ուղիղ առճակատումից։

Բայց, սրանից բացի, կա նաև մի այլ գործոն, որը սկզբունքորեն կարող է ինչ-որ չափով ազդել գլոբալ հակամարտության ընթացքի վրա, որը երկրագնդի վրա մարդկանց թվի աննախադեպ մեծությունն ու դրա աճի արագությունն են։

Այս իմաստով շատ տարօրինակ է Սթարմերի կողմից Ուկրաինային ատոմային զենք փոխանցելու հետ կապված բարբաջանքը, մի արտառոց երևույթ, որն իր հիմնարար բնույթի բացատրությունն է պահանջում։

Ներկայի պարադիգմային անցումը, որը 400+ տարիներ տևած եվրոպակենտրոն ու, հետո էլ, արևմտակենտրոն ուժային միաբևեռությունից անցումն է նոր ուժային բազմաբևեռությանը, սկսվել է ԽՍՀՄ-ի փլուզումով, որից անցել է 35 տարի, բայց և այն տպավորությունն է, որ այդ անցումը նոր-նոր է սկսվում ու դեռ շատ երկար կտևի։

Նման գլոբալ բնույթի պարադիգմային անցման տևողությունը, շատ կարևոր այլ գործոնների հետ միասին, մեծապես պայմանավորված է նաև երկար ժամանակ գերակա դիրք ունեցած հասարակությունների մենթալիտետային իներցիայով։

Նման իներցիան հաղթահարելու համար վատ չէր լինի մի անգամ ևս հիշել նախկինում եղած նման մեծամասշտաբ պարադիգմային փոփոխությունները, ասենք, թուրքերի ներթափանցումը Հին Աշխարհ և դրա հետևանք քաղքակրթական կտրուկ նահանջը, խաչակրաց արշավանքները, որոնք էլ քաղաքակրթական ծիլերը տարան Եվրոպա, և որն էլ խթանեց նոր որակի քաղաքակրթության ծնունդը Եվրոպայում։

Մեր հարափոփոխ աշխարհում ամենակարևորը մարդկային քաղաքակրթության կյանքի շարունակականության ապահովումն է, որն էլ պետք է դառնա ղեկավարող գաղափար ներկա պարադիգմային անցման ժամանակ՝ բացառելով նաև ատոմային զենքի կիրառումը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 298

Մեկնաբանություններ